Հայ գրերին նվիրված հուշարձան է բացվել Զապորոժյեում

1242

Հոկտեմբերի 2-ին Զապորոժյեում Երևանի 2800-ամյակին նվիրված հայկական մշակույթի օրվա շրջանակներում, հայկական եկեղեցու տարածքում բացվեց հայ գրերին նվիրված հուշարձանը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Զապորոժյեի մարզպետ Կոնստանտին Բրիլը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Զապորոժյեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանը, Հայ առաքելական եղեկեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, պետական և հասարակական գործիչներ։

Այն Հայաստանից դուրս հայոց գրերին նվիրված ամենախոշոր հուշարձաններից մեկն է։ Հուշարձանը կառուցվել է Զապորոժյեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ։

«Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից շնորհավորում եմ բոլորիս՝ հայ մշակույթի ամենավառ խորհրդանիշներից մեկի՝ հայ գրերի հուշարձանի բացման կապակցությամբ, որն իր տեսակով միակն է Ուկրաինայում: Զապորոժյեի հայ համայնքը իր աշխատանքով նշաձող է սահմանում բոլորիս համար, այսօրվա միջոցառումը դրա ապացույցն է», – իր շնորհավորական խոսքում ասաց ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: