Կիևում անցկացվեց կլոր սեղան՝ «Կիևի հայերը. հին համայնքի պատմությունը» թեմայով

1265

Մայիսի 22-ին Կիևում «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի և Ուկրաինայի հայերի միության համատեղ նախագծի շրջանակներում կայացան գիտական միջոցառումներ, որոնք նվիրված էին Կիևի հայկական հին համայնքի պատմությանը:

Միջոցառումներն սկսվեցին դեպի Սբ. Սոֆիայի մայր տաճարի «հայկական մատուռ»՝ սբ. Անտոնիոսի և Թեոդոսիայի կցաշինություն շրջայցից, որտեղ սեփական եկեղեցու ավերվելուց հետո, հայերն իրենց ժամերգություններն էին կատարում: Եկեղեցու բեմի մասում պահպանվել են հայալեզու արձանագրություններ, որոնք պատմական, մշակութային և եկեղեցական կապերի կարևոր բաղադրիչն են: Շրջայցը վարեց ազգային արգելոցի գիտական աշխատանքների գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Վյաչեսլավ Կորնիենկոն: Շրջայցի ավարտից հետո իր աշխատանքը սկսեց «Կիևի հայերը. հին համայնքի պատմությունը» կլոր սեղանը, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան պատմական գիտությունների դոկտորներ Նադեժդա Նիկիտենկոն և Վյաչեսլավ Կորնիենկոն, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը: Կլոր սեղանի աշխատանքին մասնակցություն ունեցան նաև գիտական և մշակութային հայտնի գործիչներ. «Սոֆիա Կիևսկայա» արգելոցի գլխավոր տնօրեն Նելյա Կուկովալսկայան, պատմական գիտությունների դոկտորներ Ստանիսլավ Կուլչիցկին, Ռուսլան Խալիկովը, Իրինա Կապլանը, Ելենա Հովհաննիսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ-ի գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, ռեժիսորներ Ռոման Բալայանը և Մանուկ Դեպոյանը, նկարիչ Բորիս Եղիազարյանը, քաղաքագետներ, փորձագետներ, լրագրողներ Օլեգ Սահակյանը, Ալեքսեյ Յակուբինը, Նատալյա Օչկովսկայան, Մարատ Հակոբյանը, Կարեն Մեսրոպյանը, ինչպես նաև հասարակական հայտնի գործիչներ Աշոտ Առուշանովը, Լաուրա Հովակիմյանը, Կատերինա Նիզկոպոկլոննայան, Երվանդ Երվանդյանը, Անդրանիկ Խումարյանը, Վահագն Կարապետյանը:

Քննարկումների ընթացքում կլոր սեղանի մասնակիցներն ընդգծեցին Կիևի հայ համայնքի պատմության առավել մանրազնին ուսումնասիրության կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչն անկասկած պատմության ավելի վաղ անհայտ էջերի հետազոտման հնարավորություն կընձեռիի և Կիևի հայերի  պատմության առավել ամբողջական պատմական պատկերի ձևավորմանը կնպաստի: Իր հերթին ՈւՀՄ-ի պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը նշեց. «Այսօրվա միջոցառումները մեզ վերադարձրեցին հայկական համայնքի թեմատիկային և նրա հետագա ուսումնասիրության համար լավ հիմք ստեղծեցին: Հատկապես կարևոր են այն աղբյուրագիտության և պատմագրության կուտակված շտեմարանի համակարգումը, որոնք մենքարդեն ունենք, փաստագրական նոր հետազոտությունների իրականացումը և այս նպատակին համապատասխան միջազգային հատուկ գիտաժողովի կազմակերպումը, որի ընթացքում նշանավոր գիտնականները կարող են ներկայացնել Կիևի հայերի պատմության վերաբերյալ իրենց աշխատանքները»: