Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենում

523

Աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի հայտնի Metropolitan թանգարանում սեպտեմբերի 22-ից բացվում է «Հայաստան» խորագրով ցուցադրություն:

Նյույորքյան հայտնի թանգարանում ցուցադրվելու են ավելի քան 140 ոսկեզօծ մասունքներ, նկարազարդված ձեռագրեր, խաչքարեր, եկեղեցու մանրակերտեր, տպագիր գրքեր և հազվագյուտ այլ ցուցանմուշներ։

Ցուցադրությունը պատմելու է նաև այն մասին, թե ինչպես են հայերը պահպանել ու վերափոխել իրենց ավանդույթները՝ ճանապարհորդելով աշխարհի տարբեր անկյուններ:

«Հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի հայտնի արտիստների աշխատանքներին, ինչպիսիք են Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Թորոս Տարոնացին, Հակոբ Ջուղայեցին, ովքեր աշխատել են ինչպես մայր Հայաստանում, այնպես էլ Կիլիկիայի Թագավորությունում և Նոր Ջուղայում»,- ասվում է Metropolitan թանգարանի հայտարարության մեջ:

Այսպիսով, ցուցահանդեսում ներկայացված է լինելու Հայաստանի պատմությունը 301-ից մինչեւ 1700-ականները։

«Ցուցահանդեսի նպատակն է այցելուներին հիշեցնել, որ հայկական արվեստն ու մշակույթը համաշխարհային արվեստի կարեւոր մասն է»,- ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Էլեն Էվանսը։

Սեպտեմբերի 22-ից բացվող «Հայաստան» ցուցադրությունը Նյու Յորքի թանգարանում կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

SHARE