Կայացավ հայկական երիտասարդական ֆորում 2018-ը

586

Նոյեմբերի 25-ին Կիևում կայացավ Երկրորդ համաուկրաինական հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էին Ուկրաինայում գործող բոլոր հայկական կազմակերպություններից 120 ներկայացուցիչներ:

Այս տարի մասնակիցները լսեցին երեք բանախոսների: Հաղորդակցման հմտությունների մասին խոսեց հայտնի բիզնես թրեյներ Վաչե Դավթյանը։ Ռոման Չոբանյանը հաջողակ գործարար է, ով մասնակիցներին պատմեց իր հաջողության պատմությունը՝ տարածաշրջանային մենեջերից մինչև մի քանի բիզնեսի սեփականատեր, ներկայացրեց բիզնես ռազմավարությունը, պատմեց, թե ինչ դժվարություններ կարող են հանդիպել այս ճանապարհին և ինչպես հաղթահարել դրանք:

Միջոցառմանը որպես բանախոս ներկա էր նաև ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը։ Ֆորումի մասնակիցների հետ նրա հանդիպումը տեղի ունեցավ բաց զրույցի ձևաչափով։ Հնչեցին հարցեր քաղաքականության, ձեռնարկատիրության, հասարակական գործունեության մասին։
«Պետք է հասկանալ, որ ուժեղ, գրագետ և զարգացած երիտասարդները ապագայի ամուր հիմք են ստեղծում։ Ինչքան ուժեղ է երիտասարդությունը, այնքան ավելի վստահ կարող ենք լինել մեր ապագայի հարցում»,- ներկաներին դիմեց Վիլեն Շատվորյանը:

Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ երիտասարդների ներգրավվածությունը հայկական ֆորումին ատարեցտարի մեծանում է, և ըստ այդմ՝ հաջորդ ֆորումին թե՛ մասնակիցների, թե՛ բանախոսների քանակն ավելի մեծ կլինի։

SHARE