«Ուկրաինայի հայերը» հարթակի ակտիվիստները քննարկել են առաջիկա նախագծերը

1363

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցության նոր ձևաչափ է կիրառում:

Սեպտեմբերի 4-ին ՈւՀՄ գրասենյակում տեղի ունեցավ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի և ՈւՀՄ պատմամշակութային կոմիտեի համատեղ նիստը։

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին դերասանուհի Ալյոնա Մարտիրոսովան, դերասան Աշոտ Արուշանովը, քաղաքական փորձագետներ Նատալյա Մխիթարյանը, Դարյա Վոլոդինան, լրագրողներ Կարեն Հովակիմյանը և Մարատ Հակոբյանը, փորձագետ Տիգրան Գրիգորյանը, պատմաբաններ Դավիթ Դավթյանը և Եվգենի Սաֆարյանցը, ՏՏ մասնագետ Երվանդ Երվանդյանը, երաժիշտ Վահագն Կարապետյանը, դաշնակահար Օլգա Վարդանյանը, հայտնի բռնցքամարտիկ Իգոր Ֆանյանը, հասարակական գործիչներ Անդրանիկ Խումարյանը, Օլեգ Աբրահամյանը, Կարեն Մանուկյանը և Կիևի հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչներ։
ՈւՀՄ պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրեց առաջիկա նախագծերը։ Քննարկվեց քաղաքացիական հարթակի ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին։

Ըստ ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի՝ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակը մեծ ներուժ ունի․ «Ինչքան հաճախ տեղի ունենան այսպիսի հանդիպում-քննարկումները հարթակի շրջանակներում, այնքան ավելի հզոր կդառնա ուկրաինահայ համայնքը»։

«Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակը համագործության նոր ձևաչափ է մեր այն հայրենակիցների հետ, որոնք մինչ այժմ ներգրավված չեն եղել տարածաշրջանային համայնքների գործունեության մեջ։ Պլատֆորմի գրեթե բոլոր ակտիվ մասնակիցները հայտնի ստեղծագործող մարդիկ են, և պատահական չէ, որ նիստերն անցկացվում են համատեղ ՈւՀՄ պատմամշակութային կոմիտեի հետ։ Այս հարթակի ձևաչափը առավել համապատասխան է նրանց, ում առօրյա կյանքը կապված է արվեստի, ստեղծագործելու հետ»,-ասում է հարթակի համակարգող Մարատ Հակոբյանը: