Բելգորոդ-Դնեստրովսկիում տեղի ունեցավ հայկական եկեղեցու զանգերի օծումը

507

Հունիսի 3-ին տեղի ունեցավ Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին վերականգնված հայկական եկեղեցու զանգերի օծումը, որը կառուցվել է XV դարում և Օդեսայի մարզի պաշտամունքային ամենահին շինություններից մեկն է:

Օծման արարողությունը ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Միջոցառմանն այցելեցին Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Լևոն Ղուլյանը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռումինիայի տարբեր տարածաշրջաններից այլ հյուրեր:

Իր խոսքում քաղաքապետ Ալլա Գինակը նշեց. «Քաղաքի համար այս միջոցառումը շատ խորհրդանշական է, հատկապես հաճելի է, որ այս միջոցառումը համընկավ Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի օրվա տոնակատարության հետ: Քանի որ վերականգնման աշխատանքները տևեցին բավական երկար և վերջ ի վերջո արդեն ավարտված են, մեզ բոլորիս համար շատ հաճելի է, որ տեղի է ունենում զանգերի օծումը»,- ընգծեց քաղաքի ղեկավարը:

Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեում հիշեցրին, որ XV դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Արևելյան Եվրոպայի ամենահին եկեղեցիներից մեկն է: Պաշտամունքային շինությունը համայնքին է վերադարձվել աբեղա Լևոն Ղուլյանի ջանքերով՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի աջակցությամբ:

Եկեղեցու շենքը փոխանցվել է 2012 թվականի դեկտեմբերին՝ համաձայն Օդեսայի մարզային խորհրդի որոշման: Վերականգնողական աշխատանքները, որոնց որպես մեկանաս հանդես եկավ Ֆելիքս Պետրոսյանը, սկսվեցին անմիջապես եկեղեցու փոխանցումից հետո:

Վերականգնողական աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է: