Ամստերդամի հայ համայնքը հյուրընկալել է ՈւՀՄ ներկայացուցչին

2129

Նիդերլանդներում բնակվում են շուրջ 45000 հայեր։ Հայկական համայնքը կենտրոնացած է Ամստերդամում, Ալմելոյում, Ամերսֆորտում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում և այլուր:

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Նելլի Ղարիբյանն այցելել է Ամստերդամի հայկական Սուրբ Հոգի եկեղեցի, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ամստերդամի հայկական համայնքի մասին նա զրուցել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի հետ։

«Ամստերդամում 1500-2000 հայ է ապրում, ովքեր մասնակցում են համայնքային կյանքին, նախաձեռնություններին։ Հավաքատեղին, ինչպես երևի թե բոլոր հայկական համայնքներում, եկեղեցին է։ Սուրբ Հոգի եկեղեցին եվրոպայում ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է, այն հիմնվել է դեռևս 1714 թվականին ՝ 40 հայ վաճառականների ջանքերով։ Ամստերդամում է տպագրվել նաև առաջին հայերեն Աստվածաշունչը»,- պատմել է Վահան Ավագյանը։

2018 թ․ Սուրբ Հոգի եկեղեցու պատին բացվեց նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ «Սա մեծ ձեռքբերում էր ամբողջ համայնքի համար։ Շատ կարևոր է, որ գրեթե բոլոր հայերն իրենց ներդրումն ունեցել են խաչքարի բացման գործում։ Դժվարություններ շատ են եղել՝ կապված Ցեղասպանության մասին գրառման հետ, տեղադրման հետ»։

Սբ․ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի ֆինանսավորմամբ Ամստերդամում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ «Շուրջ 65 երեխա է սովորում դպրոցում։ Առարկաները երեքն են՝ հայոց լեզու՝ ընդ որում արևմտահայերեն և արևելահայերեն, պատմություն և կրոնի պատմություն»:

Ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ բոլոր հայ համայնքները միավորված են մեկ կազմակերպության մեջ, Նիդերլանդներում հայ համայնքները գործում են առանձին, սակայն բոլորին միավորում է մեկ նպատակ՝ հայապահպանությունը հայրենիքի սահմաններից դուրս։

Հանդիպման ընթացքում երկու համայնքների ներկայացուցիչները կիսվեցին փորձով, քննարկվեց նաև հնարավոր համագործակցությունը, Վահան Ավագյանը խոստացավ պատասխան այցով լինել Կիևում և ավելի մանրամասն ծանոթանալ Ուկրաինայի հայերի միության գործունեությանը։

SHARE