Լեհաստանի հայ համայնքը հյուրընկալվել է ՈւՀՄ գրասենյակում

366

Տարբեր երկրների հայ համայնքների միջև կապի հաստատումն ու համագործակցությունը բարի ավանդույթ է դառնում։ Այս անգամ Ուկրաինայի հայերի միության գրասենյակում հյուրընկալվել էին «Լեհաստանի հայ կրթամշակութային ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սարգսյանը և փոխնախագահ Գևորգ Նահապետյանը։

«Լեհաստանում շուրջ 40․000 հայ կա։ Հիմնականում համայնքը համախմբում է եկեղեցին, որին և աջակցում է մեր կազմակերպությունը։ Նպատակը մեկն է ՝ հայապահպանությունը»,- հանդիպման ընթացքում պատմեց կազմակերպության ղեկավարը։

Ուկրաինա այցի նպատակը հայ համայնքի հետ ծանոթությունն ու փորձի փոխանակումն է։ «Մենք համեմատաբար նոր կազմակերպություն ենք և, բնականաբար, պետք է կայացած համայնքների լավ փորձը ներդնենք նաև Լեհաստանում»։

ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը ներկայացրեց Ուկրաինայի հայ համայնքը, տարեկան իրականացվող նախագծերն ու հայապահպանության համար տարվող մշտական աշխատանքը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՈւՀՄ սպորտի հանձնաժողովի նախագահ Արմեն Վարդանյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալ Լևոն Գուլյանը։

«Մենք հաճախ ենք հյուրընկալվում աշխարհի հայ համայնքներում, անշուշտ դա ուժեցաղնում է հայկական սփյուռքը։ Այս անգամ մեզ են այցելել Լեհաստանի մեր հայրենակիցները, ովքեր ստեղծել են կազմակերպություն՝ հայկական մշակույթը, սովորույթներն ու պատմությունը պահպանելու նպատակով։ Համայնքների համագործակցությունը պետք է շարունակական բնույթ ունենա, որպեսզի կյանքի կոչվեն համահայկական նախագծեր»,- նշում է Հովակիմ Հարությունյանը։

SHARE