ՀՀ դեսպանը շնորհավորել է Ուկրաինայի հայերի միությանը

1008

Ուկրաինայի հայերի միությունը 17 տարեկան է։  Այս առիթով ՈՒՀՄ-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Դեսպանը բարձր է գնահատել ՈՒՀՄ աշխատանքը և շնորհակալություն հայտնել ինչպես ազգային շահերը, այնպես էլ հայ-ուկրաինական եղբայրական հարաբերությունները պաշտպանելու համար։

«Պետք է հստակ արձանագրել, որ ՈՒՀՄ-ն ամենաազդեցիկ և արդյունավետ հայկական կազմակերպությունն է արտասահմանում, և դա միայն իմ կարծիքը չէ։ Այդպես են կարծում նաև Հայաստանում, որտեղ հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի հայերի միությունը հայկական սփյուռքի ամենագործունյա կազմակերպությունն է։
Ուկրաինայի հայերի հայրենասիրությունը, նվիրվածությունը հայկական հարցին և Ուկրաինայի հանդեպ սերը երբեք չեն հակասել, այլ միայն լրացրել են միմյանց։
Ուկրաինայի հայերի ձգտումը պահպանել և ամրապնդել հայ-ուկրաինական հազարամյա եղբայրությունը ոչ թե հասարակ լոզունգ է, այլ իրականություն։
Կցանկանայի առանձնահատուկ նշել ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին և շնորհակալություն հայտնել ՈՒՀՄ զարգացման գործում ունեցած իր մեծ ավանդի համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՈՒՀՄ տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներին և առհասարակ Ուկրաինայի բոլոր հայերին, մեր ընդհանուր շահերը պաշտպանելու անգնահատելի դիրքորոշման համար»,- գրված է Անդրանիկ Մանուկյանի ուղերձի մեջ։