Մահացել է Շառլ Ազնավուրը

2588

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայտնում է իր ցավակցությունը մաեստրոյի հարազատներին և մտերիմներին: Աննկարագրելի կորուստ է, ինչպես համայն հայության, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Շառլ Ազնավուրը հայկական սփյուռքի ամենավառ ներկայացուցիչն էր, ում ներդրումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անգնահատելի է:

SHARE