Ամփոփվեց «Հայերը մշակութային, տնտեսական, քաղաքական գործընթացներում» կոնֆերանսը

187

Երևանում ավարտվեց «Բալթյան ծովից մինչև Սև ծով․ Հայերը մշակութային, տնտեսական, քաղաքական գործընթացներում» խորագրով միջազգային կոնֆերանսը։
Միջոցառմանն Ուկրաինան ներկայացրեց Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի նախագահ, պ.գ.թ. Դավիթ Դավթյանը և«Կիևի Սոֆիա» ազգային արգելոցի գիտական աշխատանքների գլխավոր տնօրենի տեղակալ, պատմության դոկտոր Վյաչեսլավ Կորնիենկոն:

«Համաժողովը բավականին արդյունավետ էր՝ բարենպաստ աշխատանքային միջավայրում: Զեկույցների բովանդակությունը մեծամասամբ համապատասխանում էր գիտաժողովի բարձր մակարդակին,որ սահմանել էին կազմակերպիչները։ Պետք է նշել, որ նման գիտական ֆորումը տարբեր երկրներից փորձագետների հետ փորձի փոխանակման հիանալի հարթակ է, քննադատություն լսելու և,այսպես ասած, նոր աչքով տեսնելու, նոր եզրակացություններ անելու, տարբեր տեղեկատվական աղբյուրներից նոր հետազոտությունների արդյունքների մասին ինֆորմացիա ստանալու հնարավորություն: Շատ լավ կլիներ նման միջոցառումը անցկացնել Ուկրաինայում», – իր տպավորություններով կիսվել է Վյաչեսլավ Կորնիենկոն:

Աշխատանքային այցի մասին Դավիթ Դավթյանը նշել է․ «Այսպիսի կոնֆերանսները հնարավորություն են տալիս ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայագետների հետ։ Դա էլ իր հերթին պարարտ հող է նոր հայագիտական հետազոտությունների համար»։

Հայաստան կատարած այցի շրջանակներում ՈւՀՄ ներկայացուցիչները մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցան, այդ թվում նաև ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ, այցելեցին «Նորավանք» գիտահետազոտական կենտրոն և ներկայացրեցին Ուկրաինայի հայերի միության գործունեությունը հանրությանը եւ հայկական լրատվամիջոցներին:

SHARE